пятница, 6 декабря 2013 г.



                                                                                         Անտուն

Ձյունն էլի ոտնահետքերովդ առավոտվեց ,

ձմեռն էլի հուշապահին հանկարծ կրվեց ...

գնամ ու ուշացած <<գրողը տանի>>-ով

ինձ վերցնեմ ամուլ երազներից

ու բարձրանամ ձյունը պրկացրած քո ոտնահետքերով :

Հաջորդ ձմեռ մինչ դու առավոտվես,

ոտնահետքերդ անտուն կմնան.

ես արդեն վաղուց անցած կլինեմ

ձյունոտ ու մեկուսի ճամփան:

вторник, 23 апреля 2013 г.



       * * *
Տղան առավոտ էր շինում

իր երազե լապտերներից...

մի պահ օդը ջարդուփշուր եղավ,

խուլ ծղրտոցով քամին փախավ իր բնից,

տղայի առավոտը շիթ-շիթ կաթկթաց:

Ու արևին գտան հեռուներում իրիկնացած...











понедельник, 15 апреля 2013 г.

                                ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ


Փողոցները դղրդում են դատարկությունից...

դու թաքցնում ես քո վիզը ոռնացող մթությունում,

մրսած ու թրջված կարապների նման,

դու քո թևերին ես առնում բոլոր ստվերները,

դու լուռ լճակ ես

ու սարսափում ես արտացոլելուց:










пятница, 29 марта 2013 г.



           ***

Կոշկակարները ծերանում են,

դերձակները` ծուլանում,

բժիշկները սիրտ են կարկատում...

մոռանամ,մենանամ,հեռանամ

լուռ ու միամիտ նորոգվեմ

պինդ գրկեմ Քեզ ...ներե~մ,ներե~մ:




понедельник, 11 марта 2013 г.


                                         Անառիթ

Մեր պատռված լուսաբացներից

որքան լպրծուն լուսանցքներ անցան,

անփույթ,մեկուսի ու օտարացած,

մտքեր ենք պահել մեր գրպաններում

ու ստիպում ենք շռայլություն հյուրասիրել:

Սրիկա ժամանակը էլի թթվել է կայարաններում,

իսկ մենք...

մենք կմնանք վաղվա տենդային պատգամներում

ու մանր դոզաներով երջանկություն կմուրանք:

вторник, 5 февраля 2013 г.

                                        ԱՆԻՐԱՎՈՒՆՔ

Ամբոխը էլ ճչալ չգիտի,

Ամբոխը տամկած ու սառը փողոցներով էլ չի վազի,

ամբոխը ննջել է կողոպտվածների սին երազներում,

ամբոխն ամեն օր ծանր բռունցքներ է վաճառում,

ամբոխը մենակ է իր բոլոր կոչերում,

ամբոխը սպանել է պայքարն իր նեղ երակներում :

........................................
Իմ բողոքն ու օդի տարածությունը ես թողել եմ ամբոխին...

հիմա ամբոխը տանուլ տվածի նման իմն է:


суббота, 1 декабря 2012 г.

* * *

Մայրդ սառը բաժակով քեզ թեյ տվեց ,

դու խմեցիր ու մոռացար թեյի մասին .

թունդ ու տաք թեյի երազով էիր տարված:

Մորդ անշարժ ձեռքերը սառեցրեցին քո տաք թեյի երազը:


* * *

Դու թեթև ու լուռ անցնում էիր փողոցով ,

չէիր էլ նկատում քո չապլինյան քայլերի ընթացքը:

Նեղլիկ ճանապարհի արանքով մեծ քարեր էիր միացնում:

Մի օր քարերը վերջացան ...

դու անցնում էիր առանց փողոցի :