вторник, 5 февраля 2013 г.

                                        ԱՆԻՐԱՎՈՒՆՔ

Ամբոխը էլ ճչալ չգիտի,

Ամբոխը տամկած ու սառը փողոցներով էլ չի վազի,

ամբոխը ննջել է կողոպտվածների սին երազներում,

ամբոխն ամեն օր ծանր բռունցքներ է վաճառում,

ամբոխը մենակ է իր բոլոր կոչերում,

ամբոխը սպանել է պայքարն իր նեղ երակներում :

........................................
Իմ բողոքն ու օդի տարածությունը ես թողել եմ ամբոխին...

հիմա ամբոխը տանուլ տվածի նման իմն է:


суббота, 1 декабря 2012 г.

* * *

Մայրդ սառը բաժակով քեզ թեյ տվեց ,

դու խմեցիր ու մոռացար թեյի մասին .

թունդ ու տաք թեյի երազով էիր տարված:

Մորդ անշարժ ձեռքերը սառեցրեցին քո տաք թեյի երազը:


* * *

Դու թեթև ու լուռ անցնում էիր փողոցով ,

չէիր էլ նկատում քո չապլինյան քայլերի ընթացքը:

Նեղլիկ ճանապարհի արանքով մեծ քարեր էիր միացնում:

Մի օր քարերը վերջացան ...

դու անցնում էիր առանց փողոցի :

воскресенье, 18 ноября 2012 г.




***


Իմ մերկ բառերի միակ դերձակը ես եմ...

մտքերս խռովել են ասեղներիս անդադար զարկերից,

ամրացնում եմ դատարկությունն ու ծակծկում սպիները բոլոր:

Իմ մերկ բառերի միակ դերձակը ես եմ,

արևներ ու անձրևներ կարկատել չգիտեմ...

քո զգեստն էլի նեղլիկ էր  ու գեր.

իմ երկար ու ամուր  թելերից ոչինչ չստացվեց:

пятница, 26 октября 2012 г.


                  Անազատություն

Հիմա,երբ մարդկային ոսկի երազներից

ծանրացրել է օդի խզված ազատությունը

հիմա,երբ ճմլվել են մտքերդ տողերում,

դու աճուրդ ես մարդկային ոսկի երազներում:

հիմա,երբ խելագարները կուսական վախճանի են սպասում...

հիմա,երբ ստվերները անիծում են լույսի հպումը:

понедельник, 20 августа 2012 г.


                                   
                                                 * * *

Այս առավոտը աշնան ապտակով,

Ու լուռ անրջով իջել է սրտիս,

Անթեղվել է լռությունը կարոտի գույնով,

Կորցրել եմ դողը ստվերներիս:

Այս առավոտ արեգակը վարագույրով

Ու կապույտ շղարշով է օծվել,


Համրացել են փողոցները  շշուկներով...

Աչքերս ետնաբեմում են բացվել:



четверг, 16 августа 2012 г.

                                                ԾԱՂՐԱԾՈՒՆ




_Ես լացել չգիտեմ,տխուր օրերին իմ աչքերն երբեք տամուկ չեն եղել:

_Իսկ ինչպե՞ս ես տխրում:Երևի քո սիրտն երբեք չի ցավել:

_Այդ պահերին սրտիս զարկերն արագանում են ու վախենում եմ,որ շուտով կարտասվեմ: Աճապարում եմ ձեռքերով ամուր պահել աչքերս ու գործի է անցնում ժպիտս, բայց հիմա էլ այդպես չեմ անում:Մարդիկ սովորել են դեմքիս արցունքներ ու մի լայն  ժպիտ նկարել:

_Այդպես մենք երբեք չենք իմանա քո իրական  թախծի ու պայծառության մասին:

_Ես միշտ պայծառ եմ:Իմ թախիծը միայն ես պետք է տեսնեմ :Դա քեզ համար նույն բանը կլինի,երբ մերկ դուրս գաս մարդկանց մեջ:Դու կկորցնես հետաքրքրությունդ:

_Բայց մարդիկ միևնույն է տեսնում են դեմքիդ նկարված արցունքները:

_Սրանք սովորական,հորինված և  ուրախության արցունքներ են:

_Իսկ սրտիդ զարկե՞րը:

_Մարդիկ սրտիս զարկերը նկարել չգիտեն:Ես ամեն օր ծաղրում եմ ինձ ու նրանց:

понедельник, 2 июля 2012 г.

                                     * * *

Ամպը  պոկվել  է երկնի կապույտից ,

Արևը երկիրը գրկած լուռ անձրևում է ,

Մայթերը քարացել են քամիների ապտակներից

Հեռուներում աղջկա անձայն երգը ճախրում,անհետանում է :

Ու կուսական օդը ծանրացել է անժամանակ աշխարհներում.

Ցնորված թրթիռը կարոտ է տարփողում ...

 

Արևը երկիրը գրկած լուռ անէանում է :